Ռուսաստանի Գերագույն դատարանը մայիսի 15-ին բավարարել է ՌԴ ԱՆ-ի հայցը՝ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ի լիկվիդացման մասին՝ ռուսական օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՆ-ից մինչ այդ հայտնել էին, որ կազմակերպության նկատմամբ հսկիչ ստուգումների ընթացքում պարզվել է, որ դրա կանոնադրության դրույթները չեն համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին։ Մասնավորապես, կազմակերպության անվանումը չի արտահայտում դրա գործունեության բնույթը, իսկ առանց կազմակերպության անունով լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկությունները չեն համապատասխանում կազմակերպության մասին Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում պարունակվող տեղեկություններին։
«Բացահայտված խախտումների հիման վրա, առաջնորդվելով «Հասարակական միավորումների մասին» օրենքի դրույթներով, Ռուսաստանի ԱՆ-ն «Համառուսական ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ի կենտրոնական խորհրդի նախագահությանը բազմիցս նախազգուշացումներ է արել, որոնք պարտավորեցնում էին վերացնել ՌԴ օրենսդրության հայտնաբերված խախտումները։ Այդ խախտումների վերացման ժամկետը սպառվել է 2016-ի հոկտեմբերի 17-ին, եւ քանի որ կազմակերպությունը չի վերացրել այդ խախտումները, ԱՆ-ն դիմել է ՌԴ Գերագույն դատարան՝ կազմակերպությունը լիկվիդացնելու մասին վարչական հայցով»,- ասել էին ԱՆ-ից։
Համառուսական ադրբեջանական կոնգրեսի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին դատարանում հայտնել էին այն մասին, որ ձեռնարկվել են ԱՆ-ի հայտնաբերած խախտումները վերացնելու փորձեր, բայց գերատեսչությունը չի հաստատել փաստաթուղթը։ «Կազմակերպության լիկվիդացումը՝ դրա բոլոր բաժանմունքներով հանդերձ, անիրավազոր քայլ է, որը չի համապատասխանում այն ֆորմալ երեւույթներին, որոնք մասին հայտնում է ԱՆ ներկայացուցիչը։ Այդ որոշման արդյունքում Մոսկվայի երեք միլիոնանոց ադրբեջանական սփյուռքը կմնա առանց ղեկավարության»,- ասել է կազմակերպության նախագահը։
Գերագույն դատարանի վճիռը դեռ ուժի մեջ չի մտել, այն կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում վերաքննիչ ատյանում։





























