ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը եւ Թրամփ վարչակազմի մյուս անդամները հերքել են տեղեկատվությունը, թե նախագահը ռուսաստանցի պաշտոնյաներին գաղտնի տեղեկատվություն է հաղորդել, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

The Washington Post-ում հրապարակված տեղեկատվությունը «կեղծիք է», լրագրողներին երկուշաբթի ասել է Մաքմասթերը:

«Ոչ մի հանգամանքներում հետախուզության մեթոդներ ու աղբյուրները չեն քննարկվել, եւ նախագահը չի բացահայտել որեւէ ռազմական օպերացիա, որը լայնորեն հայտնի չի եղել»,- ավելացրել է նա:

«Ես այնտեղ եմ եղել: Նման բան տեղի չի ունեցել»,- նշել է Մաքմասթերը՝ չպատասխանալեվ լրագրողների մյուս հարցերին:

Պետքարտուղար Ռեքս Թելերսոնը հայտարարել է, որ մայիսի 10-ին ինքը նույնպես մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը: Նա հաստատել է Մաքմասթերի խոսքերը՝ ավելացնելով, որ քննարկվել է «հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր պայմաններն ու սպառնալիքները»:

ԱՄՆ մի քանի լրատվական գործակալություններ հաղորդել էին, որ նախագահը Օվալային առանձասենյակում խիստ գաղտնի համարվող տեղեկատվություն է բացահայտել:

Թրամփի բացահայտած տեղեկատվությունը կարող է սպառնալիքի տակ դնել Իսլամական պետության մասին տեղեկատվության աղբյուրն ու դրանց հավաքագրումը, գրել են The Washington Post-ը, The New York Times-ը եւ այլ ԶԼՄ-ներ:

Ըստ The New York Times-ի, տեղեկատվությունը, որը համարվել է առանձնահատուկ զգայուն, անգամ տարածված չի եղել ԱՄՆ կառավարությունում կամ չի ներկայացվել այլ դաշնակցի: