Ռուսաստանցի ձեռներեց Օլեգ Դերիպասկան դատի է տվել Associated Press (AP) գործակալությանը՝ իբր Կրեմլի շահերն առաջ մղելու մասին հրապարակման համար: Հրապարակման բովանդակությունը գործարարը զրպարտություն է համարել:

«Մարտի 22-ին AP-ն հրապարակել է Ջեֆ Հորվիցի եւ Չադ Դեայի հոդվածը, որտեղ պարոն Դերիպասկայի դեմ կեղծ մեղադրանքներ են առաջ քաշվում՝ հանցավոր գործողություններում եւ այլ իրավախախտումներում նրա մասնակցության վերաբերյալ»,- հայցադիմումից մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ AP գործակալության հրապարակած հոդվածում նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթը ավելի քան 10 տարի «գաղտնի աշխատել է ռուս միլիարդատիրոջ» մոտ՝ Ռուսաստանի իշխանությունների շահերն առաջ մղելու համար, եւ ստեղծել է «քաղաքական հավակնոտ ռազմավարություն՝ նախկին խորհրդային հանրապետություններում հակառուսական ընդդիմությանը քայքայելու համար»: Դերիպասկան հերքել էր այդ տեղեկությունները՝ դրա համար գովազդային հարթակ բացելով The Wall Street Journal-ում: