Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) նախաձեռնությամբ մեկնարկում է «Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով բնապահպանական տեղեկատվական արշավը, որի շրջանակներում մայիսի 16-ից ARLOOPA հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի կենդանացնել եւ նկարվել կովկասյան ընձառյուծի հետ:
Նախաձեռնությունն իրականացվում է X-Tech ընկերության աջակցությամբ, որը միացել է WWF-Հայաստանի «Ընձառյուծի խնամակալների ցանց»-ին:
Այսօրվանից Երեւանի տարբեր կրթական եւ մարդաշատ վայրերում, մասնավորապես՝ Երեւանի պետական համալսարանում, ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղում, Սիրահարների այգում, Դալմա Գարդեն Մոլում, Երեւանի բուսաբանական այգում, UWC Դիլիջան քոլեջում, «Գրին Բին Կասկադ» սրճարանումեւ «ԴաբլԹրի Բայ Հիլթոն Երեւան Սիթի Սենթր» հյուրանոցում տեղադրված կլինի տեղեկատվական ցուցանակ եւ գետնին փակցված մարկեր, որի վրա պահելով Ձեր սմարթֆոնը (ARLOOPA հավելվածի միջոցով) հնարավոր կլինի ստանալ ընձառյուծի եռաչափ անիմացիոն պատկերը: Հավելվածը հնարավորություն է տալիս նաեւ լուսանկարվել ընձառյուծի հետ, լսել նրա ձայնը եւ այլն:
Արշավի շրջանակներում հայտարարվում է նաեւ առցանց մրցույթ, որի շրջանակներում մասնակիցը մինչեւ ս.թ. հունիսի 16-ը Կովկասյան ընձառյուծի հետ արված լուսանկարները՝ վերջինիս վերաբերյալ որեւէ հետաքրքիր փաստի հետ միասին պետք է տեղադրի իր ֆեյսբուքյան էջում օգտագործելով #LeoAlive եւ #WWFArmenia հեշտեգերը: Հաղթող է ճանաչվելու ժյուրիի կողմից յուրօրինակ ֆոտո եւ հետաքրքրաշարժ փաստ ներկայացրած մասնակիցը։ Մրցույթի գլխավոր մրցանակն է՝ լեռնային հեծանիվ:
WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է. «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնել արշավի արդյունավետությունը՝ յուրահատուկ կապ ստեղծելով մարդու եւ բնության միջեւ»:
Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամը նախաձեռնել է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը, որի նպատակն է միավորել հասարակությանը, միջազգային կառույցներին, մասնավոր եւ պետական հատվածին՝ ընձառյուծի եւ նրա որս հանդիսացող տեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ եւ այլն) պահպանության մեխանիզմները հզորացնելու նպատակով:
(1).jpg)





























