Մայիսի 14-20-ը Բրիտանիայում Սենդվիչի շաբաթ է։ Այս, առաջին հայացքից միանգամայն հասարակ ուտելիքը հսկայական բազմազանություն ու հին պատմություն ունի, գրում է BBC-ն։

Եթե հավատանք պատմական աղբյուրներին՝ ապա սենդվիչի ծագման համար մենք պարտական ենք ազնվականներին։

Մոտավորապես 1762-ին Ջոն Մոնթեգյուն, Սենդվիչի 4-րդ կոմսը, թղթախաղ էր խաղում։ Նա ոչ մի կերպ չէր ուզում հեռանալ խաղասեղանի մոտից, բայց սարսափելի քաղցած էր։ Կանչելով իր խոհարարին՝ նա կարգադրել է երկու կտոր հացի մեջ մի կտոր միս դնել, որպեսզի ինքը կարողանա առանց խաղից կտրվելու հագեցնել քաղցը։

Ասում են իբրեւ դրանից հետո մյուս խաղացողներն էլ են պահանջել այն ուտելիքը, որը «Սենդվիչն էր ուտում»։ Եւ հենց այդպես էլ ստեղծել է սենդվիչը։

Ի դեպ Սենդվիչյան կոմսը, ում անունով կոչվել է հանրահայտ բուտերբրոդը, ոչ մի կապ չի ունեցել Քենթ կոմսության Սենդվիչ քաղաքի հետ։

 Իրականում սենդվիչն էլ սկզբում սենդվիչ չի եղել։ Անգլիացի կոմսը ընդամենը անվանում է տվել մարդկության ամենահին գյուտերից մեկին՝ հացի երկու շերտի մեջ որեւէ միջուկ դնելուն։

Ոչ մի պատմաբան չի կարող ճշգրտորեն ասել, թե երբ է առաջացել այդ խոհարարական ավանդույթը, բայց գրականության մեջ առաջին անգամ այն հիշատակվում է հայտնի ռաբբին Գիլել Ավագի կենսագրության մեջ, որը Ք․ա 1-ին դարում ավանդույթ էր դարձրել Փեսախին ուտել դառը խոտեր, որոնք դրվում էին մացայի երկու կտորների միջեւ։ Միջուկի դառնությունը պետք է հիշեցներ եգիպտական ստրկության մեջ հրեա ժողովրդի տառապանքների մասին։

Ի դեպ այդ ավանդույթը առայսօր կոչվում է «Գիլելի սենդվիչ»։

Մի խոսքով, իրականում սենդվիչներ աշխարհում ու Եվրոպայում վաղուց են գոյություն ունեցել, բայց դրանք կոչվել են ոչ թե կոմսի անունով, այլ հասարակ՝ մսով հաց, կամ պանրով հաց։