Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ու մարզադպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել ֆիզիկական կուլտուրայի կրթական ծրագրերը վերանայելու ընթացքին, որոնք հաստատվելու են ՀՀ սպորտի եւ երիտասարդության ու Կրթության եւ գիտության նախարարների կողմից: Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտել աշխատանքները եւ ներկայացնել միջոցառումների հստակ ծրագիր:
Այնուհետեւ ներկայացվել են ուսումնական հաստատություններում եւ մարզադպրոցներում մարզադահլիճների եւ մարզական գույքի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը: Կարեն Կարապետյանը կարեւորել է համապատասխան աշխատանքների իրականացումը եւ նշել, որ պետք է գնահատել ծախսերն ու ըստ այդմ իրականացնել մարզադահլիճների արդիականացման ծրագրեր: «Առողջ ապրելակերպը եւ սպորտը չափազանց կարեւոր է եւ մենք մեր քաղաքային ու գյուղական համայնքներում պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, իրականացնենք համապատասխան քաղաքականություն»,- ասել է վարչապետը:
Նշվել է, որ ուսումնական հաստատությունների սպորտային դահլիճների եւ մարզադպրոցների բարեկարգման ու կառավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման նպատակով դիտարկվում է նաեւ պետություն-մասնավոր համագործակցության զարգացումը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման եւ դրան աշակերտների ու ուսանողների մասնակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները, առաջարկությունները: Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է լրջորեն ուսումնասիրել դրանք եւ իրականացնել առկա խնդիրների լուծման հստակ միջոցառումներ:





























