Սպառազինության ամենակատարյալ համակարգերն այլեւս «ԱՄՆ-ի էքսկլյուզիվ սեփականությունը չեն»։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«ԿԺԴՀ-ն պատասխան հարված կհասցնի՝ ԱՄՆ-ի կողմից սադրանքի դեպքում », -ընդգծել է դիվանագետը՝ մեկնաբանելով մայիսի 14-ին Փհենյանի հրթիռային փորձարկումը։ 

Նա կտրականապես հերքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունները, որը քննադատել է այդ արձակումը։ ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է ԱԽ-ին, որը «ոչ մի կերպ չի արձագանքել ԱՄՆ-ի երկու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկմանը»։

Նա ասել է, որ «ինքնապաշտպանության իրավունքը պետության ինքնիշխանությունը պաշտպանելու կարեւորագույն սկզբունքն է»։ Այդ պատճառով էլ ԿԺԴՀ-ն, ինչպես նշվում է հայտարարությունում, «տվյալ ոլորտում իրեն առաջադրված մեղադրանքները կդիտարկի որպես կոպիտ միջամտություն հանրապետության ներքին գործերին»։