Դանիայի Հոլբեք քաղաքի դատարանը 17-ամյա աղջկան մեղավոր է ճանաչել երկու ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով դանիական «Ռիտսաուս» տեղեկատվական բյուրոյին՝ 2015 թվականին Թուրքիա ուղեւորությունից հետո դատապարտյալն իսլամ է ընդունել, ուսումնասիրել ջիհադիստների գաղափարախոսությունը եւ փորձել միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։
Կալանքի ժամկետը դատարանը դեռ չի որոշել, սակայն մեղադրող կողմը պահանջում է աղջկա ազատությունը սահմանափակել անորոշ ժամկետով, քանի որ նա հասարակության համար վտանգ է ներկայացնում։
Դեռահաս աղջիկը ձերբակալվել է 2016 թվականի հունվարին, Կունդբյու քաղաքում, իր ծնողների տանը։ Այդ ժամանակ նա 15 տարեկան էր։ Ոստիկանություն են կանչել նրա հարազատները, ովքեր անհանգստացել են նրա վարքագծի ու նախասիրությունների կտրուկ փոփոխությամբ։
Ըստ դատախազության՝ դատապարտյալը հաջողությամբ մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր է փորձարկել եւ ծրագրել ահաբեկչություն գործել Ֆորեւելյե քաղաքում գտնվող իր նախկին դպրոցի տարածքում եւ մայրաքաղաք Կոպենհանգենի հրեական դպրոցում։
Դատարանում աղջիկն իրեն մեղավոր չի ճանաչել։





























