Շվեդիայի դատախազությունը հանցակազմի բացակայության հիմքով կարճել է Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանական բաժանմունքում մահացած հայ տուրիստ Դավիթ Բարսեղյանի քրեական գործը: NEWS.am-ի հետ զրույցւոմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարկ Սաֆարյանը նշեց, որ այս պահին սպասում են Շվեդիայի արդարադատության կանցլերի որոշմանը, որից հետո կդիմեն Մարդու իրավունքներին եվրոպական դատարան:

«Միայն այն, փաստը, որ առանց առանցքային վկայի հարցաքննության կարճել են հարուցված քրեական գործը, բավարար է, որ ՄԻԵԴ-ը գործը վարույթ ընդունի: Անպայման դիմելու ենք, այս պահին սպասում ենք արդարադատության կանցլերի որոշմանը»,-ասաց նա:

Մարկ Սաֆարյանը դիմել էր Շվեդիայի արդարադատության կանցլերին՝ Շվեդիայի Ներքին գործերի նախարարության դեմ քաղաքացիական հայց հարուցելու համար:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի ընկեր Խորեն Սինանյանը նշել էր, որ Դավիթը մահացել է շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով: Ըստ Սինանյանի՝ ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երբ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը  եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց, այդ վիճակում ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանություն: