Ճապոնիայի կայսերական տնից հայտնել են արքայադուստր Մակո Ակիսինոյի առաջիկա նշանադրության մասին. նա կառավարող կայսր Ակիհիտոյի թոռնուհին է եւ նրա որդի Ակիսինոյի ավագ դուստրը, փոխանցում է BBC-ն:
25-ամյա արքայադստեր ընտրյալը իր հասակակից Կեյ Կոմուրոն է, որն իրավաբանական ընկերության աշխատակից է: Նրանք 5 տարի առաջ են ծանոթացել, Տոկիոյի Միջազգային քրիստոնեական ինստիտուտում սովորելիս:
Քանի որ արքայադստեր ապագա փեսացուն ազնվական ծագում չունի, ամուսնության դիմում ներկայացնելուն պես արքայադուստր Մակոն կզրկվի տիտղոսից եւ կլքի կայսերական ընտանիքը: Նրան կհատկացվեն սովորական քաղաքացիական իրավունքներ՝ ներառյալ ձայնի իրավունքը, նաեւ պետության կողմից միանվագ նպաստ կվճարվի:





























