Թերթը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:
Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովին չմասնակցելու որոշմանը, Աթանեսյանն ասել է. «Գուցե իրավիճակի իմ ընկալումը պարզունակ թվա, բայց, ադրբեջանական կողմի արձագանքից դատելով, Հայաստանի նախագահի վերջին պահին կայացրած վճիռը նրանց համար շատ անսպասելի էր: Եթե նրանք փորձագիտական մակարդակով շրջանառության մեջ են դնում տեսակետ, թե լիսաբոնյան գագաթաժողովում ոչ ոք չի նկատել Ս.Սարգսյանի բացակայությունը, ապա հակված եմ այն կարծիքին, որ Հայաստանի նախագահի գագաթաժողովին չներկայանալը ոչ միայն նկատվել է, այլեւ գնահատվել»:
Ըստ Աթանեսյանի՝ Սերժ Սարգսյանի կողմից «սա հստակ ազդակ էր համաշխահային հանրությանը, որ Հայաստանը չի ընդունում խնդրի կարգավորման հայեցակարգային մեկ սկզբունքի գերակայությունը մյուսների նկատմամբ, եւ հարցի լուծումը տեսնում է երեք սկզբունքների փաթեթի մեջ»:





























