Եվրոպական խորհրդարանը պահանջում է արագացնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը։ Եվրապատգամավորները քննարկել են Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդի նիստի արդյունքները, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը։

Եվրոպական խորհրդարանի քննարկումներին մասնակցել են Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը։ Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Եվրոպական խորհուրդը մտադիր չէ ապագա հարաբերությունները քննարկել Մեծ Բրիտանիայի հետ, քանի դեռ չեն որոշվել Եվրոպական միության կազմից նրա դուրս գալու պայմանները։

Առաջին հերթին, ԵՄ-ն պետք է հոգ տանի չորս միլիոն քաղաքացիների ճակատագրի մասին, որոնց կառնչվի Brexit –ը։ Բացի այդ, Լոնդոնը պետք է կատարի իր վրա վերցրած ֆինանսական պարտականությունները, ինչպես նաեւ կարգավորի Իռլանդիայի հետ սահմանը հատելը։ Դոնադ Տուսկը նաեւ հայտնել է, որ հաջորդ երկուշաբթի կներկայացնի բանակցությունների գլխավոր կետերը։