Ադրբեջանի լրատվամիջոցներում ավելի հաճախ են տեղեկություններ հայտնվում առեւտրի ցանցի եւ արտադրամասերի միջոցով սատկած անասնամսի վաճառքի մասին:

haqqin.az-ը հայտնում է, որ «լեշամսի մաֆիան» այս միսը մատակարարում է հիմնականում երշիկի ու նրբերշիկի արտադրամասերին: Վերջերս շրջաններից մեկում 6 տոննա էշի, ձիու եւ սատկած այլ անասունի միս է հայտնաբերվել: Պարզվել է, որ լեշամիսը նախատեսված էր երշիկեղենի եւ նրբերշիկի արտադրության համար, ինչպես նաեւ Բաքու եւ այլ շրջաններ ուղարկելու համար: Պետական անասնաբուժական ծառայության տեղեկություններով՝ միայն ապրիլին եւ մայիսին 12 պահեստ եւ արտադրամաս է հայտնաբերվել, որտեղ պահվել եւ օգտագործվել է սատկած կենդանիների միսը: Առգրավվել է մի քանի տոննա լեշամիս:

Պարզվել է, որ լեշամսի իրացման գլխավոր վայրերից մեկը մայրաքաղաքի շուկան է: Այստեղ մսի հետ միասին, որի ծագումն անհայտ է, վաճառվում են էժան երշիկներ եւ նրբերշիկ, ըստ որում՝ հակասանիտարական պայմաններում: