Անցյալ ամիս անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մայրը՝ Անա Էստեվեզը, առաջին անգամ դիմել է հանրության օգնությանը՝ խնդրելով տրամադրել որեւէ տեղեկատվություն իր որդու վերաբերյալ:
KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ, նա հայտնել է Արամազդ Անդրեսյան կրտսերի կորելու մասին ապրիլի 22-ին, երբ տղայի հայրը չի ներկայացել երեխայի խնամքի հերթափոխի հանդիպմանը Սան Մարինոյում:
Նույն օրը առավոտյան երեխայի հորը՝ Հարավային Փասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագին, գտել էին անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու ընկած, իսկ փոքրիկը նրա հետ չի եղել։
Երկու օր շարունակ ոստիկանությունը 5-ամյա տղային որոնում էր Արոյո արգելոցի տարածքում, ինչպես նաեւ Սանտա Բարբարա քաղաքի Քաչումա լճի մոտակայքում, սակայն ապարդյուն: 35-ամյա տղամարդուն ձերբակալել են՝ կասկածելով երեխայի առեւանգման մեջ, սակայն այնուհետեւ ազատ են արձակել ապացույցների բացակայության պատճառով:
Քննիչները նաեւ խուզարկել են Անդրեասյանի տունը Հարավային Փասադենայում, սակայն որեւէ բան չի պարզվել:
Տեղեկատվություն տրամադրելու համար Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը խոստացել է 20,000 դոլար պարգեւատրում:




























