Երեւանում եւ հատկապես մարզերում 24/7 դեղատներ են անհրաժեշտ։ Այս մասին մայիսի 18-ին, Հայաստանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։

Նա Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանին հանձնարարել է մեկ ամսում ուսումնասիրել 24/7 գրաֆիկով աշխատող դեղատներ բացելու հնարավորությունը։ Ցանկալի է նաեւ բանակցություններ վարել գործող դեղատների հետ։

«Իհարկե, դա կարեւոր է նաեւ Երեւանի համար, սակայն մարզերի մասին ես խոսեցի զբոսաշրջիկների պատճառով։ Պատկերացրեք, որ Ծաղկաձոր ժամանածներից մեկը վատ է զգում։ Իսկ քաղաքում շուրջօրյա աշխատող դեղատներ չկան։ Նույնիսկ Հրազդանում չկան։ Պետք է ուսումնասիրել իրավիճակը»,- ընդգծել է Կարապետյանը։