Հայաստանցիների կողմից Ռուսաստանը դիտարկվում է որպես մի շատ կարեւոր երկիր: Հայերի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ բացառապես դրական է:
Նման տվյալներ են ստացվել «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով իրականացված սոցհարցման արդյունքներով:
Ըստ հարցման արդյունքների՝ Ռուսաստանը Հայաստանում ամենավստահելի արտաքին ուժն է: Հարցվողների 80 տոկոսը վստահում է Ռուսաստանին, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է երկրորդ տեղում հայտնված Ֆրանսիային (42 տոկոս): Հայաստանցիների 71 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանին աջակցող երկիր է, իսկ Ֆրանսիայի մասին նման կարծիք ունի հարցվածների 43 տոկոսը:
Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն, ըստ հարցման, տարածվում է նաեւ արժեքային համակարգի վրա: Հարցվողների գրեթե կեսն ասել է, թե կցանկանար, որ Հայաստանի արժեքային համակարգը մոտ լիներ ռուսականին:
Հայաստանցիների 85 տոկոսը Ռուսաստանը դիտարկում է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարեւոր դեր ունեցող միջնորդ:
Հայաստանցիների վերաբերմունքը բավական բացասական է Եվրամիության հանդեպ: Հարցվածների միայն մեկ քառորդն է ասել, որ վստահում է այդ կազմակերպությանը:
Նշենք, որ հարցումը Հայաստանի տարածքում անցկացվել է հոկտեմբերի 15-18-ին Populus ընկերության կողմից, հարցմանը մասնակցել են 1210 մարդ Երեւանում եւ 10 մարզերում, պատահական ընտրանքի եղանակով։




























