Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունել են «ահաբեկչական» ու «ծայրահեղական» հոդվածներով դատապարտվածներին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մասին օրինագիծը։ «Կողմ» է քվեարկել 398 պատգամավոր։ Դեմ կամ ձեռնպահ ձայներ չեն եղել, հայտնում է Meduza-ն։
Օրինագծի հեղինակներն են բոլոր խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները , նաեւ Իրինա Յարովայան ու Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Օրինագիծը նախատեսում է ընդլայնել «կեղծ վկայություն» հասկացությունը, որը հիմք է հանդիսանում Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու մասին որոշման չեղարկման համար։ Կեղծ վկայություններ է համարվելու «Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված պարտականություններ» կատարելու մտադրության բացակայությունը, նաեւ քաղաքացիության ստացումը «ՌԴ սահմանադրական կարգի հիմունքներին սպառնացող գործունեության» համար։
Օրինագծի հեղիկակները առաջարկում են քաղաքացիություն ստանալու համար կանխավ կեղծ տեղեկություններ ներկայացնելու ապացույցներ համարել հայտատուի նկատմամբ «ահաբեկչական» ու «ծայրահեղական» հոդվածներով դատավճիռը, որոնց ցանկը պարունակվում է փաստաթղթում։





























