Նոյեմբերի 18-21-ին Ֆրանսիայում անցկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի ընթացքում 1,3 միլիոն եվրո նվիրատվության խոստում է տրվել: Այս տարի հեռախոսամարաթոնին մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադրամից, այս անգամ նվիրատվությունները կուղղվեն ԼՂՀ Տող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը, կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում:
Ըստ այդմ, այս տարի նվիրատվության խոստում է տվել ավելի քան 11 հազար 200 ընտանիք, եւ նախորդ տարվա համեմատ գրանցվել է նվիրատվության խոստումների շուրջ 10 տոկոս աճ:
Իրենց կոչերով հեռախոսամարաթոնին սատարել են նաեւ ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն եւ հայազգի դաշնակահար-երգահան Անդրե Մանուկյանը:





























