Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության վարկանիշը: Նման տվյալներ են ստացվել «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով իրականացված սոցհարցման արդյունքներով:
Ըստ հարցման արդյունքների՝ Սերժ Սարգսյանին աջակցում են հարցվածների 28 տոկոսը, մինչդեռ եթե ընտրությունները լինեին այս կիրակի օրը, հանրապետական կուսակցությունը կստանար 21 տոկոս ձայն:
Հակառակ պատկերն է Գագիկ Ծառուկյանի դեպքում: Եթե վերջինս անձնապես ունի 10 տոկոս վարկանիշ, ապա «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշն ավելի բարձր է՝ 26 տոկոս, քան Հանրապետական կուսակցության:
Գերմանական Populus ընկերության կողմից իրականացրած հարցումը վկայում է, որ ՀՅԴ-ն ունի 7, ՕԵԿ-ը՝ 4, Հայ ազգային կոնգրեսը՝ 3 տոկոս ձայն:
Հարցվածների 5 տոկոսն իր ձայնը կտար Ռոբերտ Քոչարյանին, 4 տոկոսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Նշենք, որ հարցումը Հայաստանի տարածքում անցկացվել է հոկտեմբերի 15-18-ին Populus ընկերության կողմից, հարցմանը մասնակցել են 1210 մարդ Երեւանում եւ 10 մարզերում, պատահական ընտրանքի եղանակով:





























