Եվրահանձնաժողովը մտադիր չէ եվրոգոտուց դուրս գտնվող երկրներին ստիպել մինչեւ 2025 թվականն ընդհանուր արժույթ ընդունել։ Այսպես է մեկնաբանել եվրոյի եւ սոցիալական երկխոսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Frankfurter Algemeine Zeitung պարբերականի տեղեկությունը, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը։
Վկայակոչելով Ստրասբուրգի գաղտնի հանդիպման արձանագրությունը, որին մասնակցել են Եվրահանձնաժողովի ներկակացուցիչներ ու մի քանի եվրապատգամավորներ՝ պարբերականը հաղորդել է, որ մինչեւ 2025 թվականը Եվրահանձնաժողովը մտադիր է ընդհանուր արժույթ սահմանել ԵՄ բոլոր անդամ երկրներում։
Դոմբրովսկիսը վերոնշյալ լուրը «թյուրիմացություն» է անվանել։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովում քննարկումներ են ընթանում մինչեւ 2025 թվականը եվրոգոտու բարեփոխումներն ավարտին հասցնելու վերաբերյալ։ «Դա չի նշանակում, որ մինչ այդ բոլոր երկրները պետք է լինեն եվրոգոտում։ Եվրոյին անցում կատարելու կոնկրետ ժամկետներ չկան, բայց մենք, իհարկե, պետություններին առաջարկում են դրան պատրաստվել»,-հայտարարել է եվրահանձնակատարը։





























