Սլովենիայի Մարիբոր քաղաքի գերեզմանոցում հայտնվել է առաջին թվային տապանաքարը, հայտնում է The Daily Mail-ը։

Դատելով պարբերականի էջերին հրապարակված լուսանկարից, այս արտասովոր տապանաքարը տեղադրված է 2000-ին մահացած Յանեզ Մլակար անունով մարդու գերեզմանում։

Տապանաքարն ունի 48 դյույմանոց էկրան, որը կարող է ցույց տալ պատվիրատուի ներբեռնած լուսանկարները, տեսագրություններն ու այլ կոնտենտ։ Արտադրող ընկերության ղեկավար Սասո Ռադովանովիցի խոսքով , այնտեղ կարող է ցուցադրվել նաեւ ամբողջական վեպ։ Երբ կողքին մարդ չկա, էկրանը ցուցադրում է միայն հանգուցյալի անունն ու նրա ծննդյան ու մահվան տարեթվերը։ Իսկ երբ հաղորդիչները ֆիքսում են այցելուի հայտնվելը, միանում է հեռարձակումը։ Այդ սխեման թույլ է տալիս ռացիոնալ ծախսել էներգիան։

Նորույթի արժեքը մոտ երեք հազար եվրո է։ Ընկերությունն արդեն մի քանի պատվեր է ստացել։