Ցանկալի է, որ Երեւանի կենտրոնի փողոցներից մեկն անվանակոչվի Փիրումյան եղբայրների պատվին՝ ականավոր զորահրամանատարների հիշատակը հարգելու եւ երիտասարդների հետաքրքրությունն անցյալի հերոսների հանդեպ արթնացնելու համար: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ի Բնապահպանական անվտանգության կենտրոնի ղեկավար Գեւորգ Փիրումյանը:
Սարդարապատի ճակատամարտի ժամանակ (1918 թվականի մայիսի 21—28) Դանիել Բեկ-Փիրումյանը եւ նրա զարմիկ Պողոսը մյուս զորահրամանատարներ Նազարբեկյանի, Սիլիկյանի եւ այլոց հետ միասին հայ ժողովրդին փրկել են ֆիզիկական բնաջնջումից: Հայկական ուժերը գլխովին ջախջախել են թվական գերազանցություն ունեցող թուրքական զորքերին, որոնք ներխուժել էին Արեւելյան Հայաստան: Շատ աղբյուրներ այսօր այդ ճակատամարտը դիտարկում են ոչ միայն Հայաստանի վրա թուրքական զորքերի հարձակումը կասեցնելու տեսանկյունից, այլեւ հայ ժողովրդի լիակատար ոչնչացումը կանխելու: Մասնավորապես՝ հայտնի բրիտանացի պատմաբան Քրիսթոֆեր Ուոլքերը նշել է, որ եթե հայերը Սարդարապատի ճակատամարտում պարտվեին, «միանգամայն հնարավոր է, որ Հայաստան բառը պահպանվեր միայն որպես պատմական աշխարհագրության տերմին»:
«Ավարայրի ճակատամարտը համարում են հանուն հավատի պահպանման ճակատամարտ, եւ դժվար թե դրա համար ավելի հարմար նկարագրություն գտնեին: Իսկ Սարդարապատի ճակատամարտը հանուն հայ ժողովրդի պահպանման էր: Այս ճակատամարտում պարտությունը կարող էր խաչ դնել մեր ժողովրդի ֆիզիկական գոյության վրա»,- նշեց Գեւորգ Փիրումյանը:
Այս ճակատամարտը ղեկավարած հերոսների պատվին պետք է անվանակոչել ոչ թե Երեւանի ծայրամասի առանձին տարածքներ, այլ քաղաքի կենտրոնական փողոցները, կարծում է Գեւորգ Փիրումյանը: Օրինակ՝ Երեւանում տարօրինակ, ոչ այժմեական անվանումներով շատ փողոցներ կան (օրինակ՝ Բեռնակիրների փողոցը): Ավելին՝ արժե Փիրումյանների պատվին փողոցներ անվանակոչել Ստեփանակերտում կամ նույնիսկ վերանվանել Նախիջեւանիկ գյուղը, որտեղից նա ծագել է:
Դեռեւս անցյալ դարի 90-ական թվականներին Գեւորգ Փիրումյանն այս առաջարկով դիմել է Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետերին, նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը:
Գեւորգ Փիրումյանի խոսքով՝ այնպիսի հերոսներին, ինչպիսին Բեկ-Փիրումյանն է, չի կարելի է միայն տարին մեկ անգամ հիշել, տվյալ դեպքում՝ մայիսի 28-ին: Նրանց պետք է մշտապես հիշել, եւ քաղաքում ինչ-որ բան պետք է նրանց հիշեցնի:
«Չարժե մոռանալ մեր ականավոր հերոսների մասին, քանի որ ով իր անցյալը չի հիշում, կարող է զրկվել նաեւ իր ապագայից»,- նշեց Գեւորգ Փիրումյանը:





























