Նոյեմբերի 24-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան (նստավայրը` Մոսկվա) Կնութ Հաուգեի եւ դեսպանության խորհրդական Գիրիդ Սելիուսի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել նաեւ երկրում ժողովրդավարության վիճակին: Լեւոն Զուրաբյանը բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատության ապահովման, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման հարցում Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը եւ այդ ուղղությամբ ներդնելիք ջանքերի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ տարբեր միջազգային կառույցներում Նորվեգիայի դիրքորոշման կարեւորությունը: Քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:





























