ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձանց ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի լույս 6-ի գիշերը՝ ժամը 02:37-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել է դեղատան մուտքի դռների փեղկերը, մուտք գործել դեղատուն եւ հափշտակել տարբեր տեսակի դեղորայք:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեղատնից կատարված գողությանը մասնակից են եղել երեք հոգի։ Անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 3 տղամարդ դեպքի օրը՝ ապրիլի լույս 6-ի գիշերը, մուտք են գործում դեղատուն, այնտեղից դուրս գալիս ծանրոցներով եւ հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:





























