Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է պարոն Հարությունյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նշել. «Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարեւոր օղակ է, հաշվի առնելով նաեւ առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց: Այդ առումով, ցանկանում եմ պարոն Հարությունյանին մաղթել արդյունավետ աշխատանք»:

Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ Դավիթ Հարությունյանը մեծ պրոֆեսիոնալ է, ունի կարեւոր գործառույթներ եւ  առաքելություն: Վարչապետը վստահություն է  հայտնել, որ նորանշանակ նախարարի գլխավորությամբ նախարարությունը կարձանագրի նոր հաջողություններ:

Դավիթ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին Արդարադատության նախարարությունը գլխավորած բոլոր նախարարներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար, եւ վստահեցրել, որ իր գլխավորությամբ այդ աշխատանքները կշարունակվեն պատշաճ որակով:

Նշենք, որ մայիսի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարար. Նա 1998-2007 թվականներին նույնպես զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը: