Հայաստանում դատախազները միջինից 10 անգամ ավելի կենսաթոշակ են ստանում, սակայն ի՞նչ է շահում հասարակությունը, հասկանալի չէ։ Այս մասին մայիսի 30-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ խորհրդարանի  փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դատախազներին ու քննիչներին երկրին ծառայած տարիների համար բարձրացված կենսաթոշակը երկարաձգելու օրենքի քննարկման ժամանակ («Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ)։ Նախկինում 20-ամյա կենսաթոշակ հատկացվում էր նրանց, ովքեր աշխատանքից կհեռանային մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը։ Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչեւ 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։

Մելքումյանի խոսքով՝ Հայաստանում միջին կենսաթոշակը 41 հազար դրամ է, իսկ պաշտոնաթող դատախազները ստանում են շուրջ 430 հազար դրամ (մոտ 900 դոլար)։ «Պետք է մտածել՝ ինչի՞ համար են նրանք այդպիսի գումարներ ստանում, եւ արդյոք իրավական համակարգն ավելի անկախ ու արդար է դառնում։ Հակառակ դեպքում, ինչու՞ նման փողեր ծախսել, եթե մեր երկրում շատ ավելի սուր խնդիրներ կան։ Ւսկ, միգուցե, ավելի լավ է վճարել ոչ թե դատախազներին, այլ գիտնականներին՝ ինովացիայի զարգացման համար», - նշել է Մելքումյանը։