Ավագանու բոլոր խմբակցությունները վերջին 4 տարիներին լավ են աշխատել, ոնեցել են ձեռքբերումներ, բայց դրանով չպետք է բավարարվել, դեռ անելիքներ կան, երեւանցիների պահանջները դեռ լրիվ չենք բավարարել: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, երկրորդ գումարման ավագանու վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով բացթողնումներին, նա նշեց, որ ուղղակի ժամանակը չի հերիքել բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Բայց մենք մեր երևանցիների կողմից ունենք վստահության քվեն: Այդ ժամանակն արդեն բավարար է, որ մնացած բոլորն իրականություն դառնան»:
Ավագանու ընտրության օրը իր շտաբում տեղի ունեցած միջադեպի մասին խոսելով՝ Տարոն Մարգարյանը նշեց. «Ընտրությունները շատ նորմալ են անցել: Ես գնահատական չեմ ուզում տալ մյուս քաղաքական ուժերին, նրանք բոլորը Երևանի ավագանու անդամ են և երևանցիների կողմից վստահության քվե են ստացել: Եթե իրենք պատրաստ են մեր երևանցիների համար ծառայել ու մեզ հետ համագործակցել, մենք պատրաստ ենք»:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի է վերածելու, Երեւանի քաղաքապետը ժպիտով նշեց. «Շատ հետաքրքիր նիստեր են անցնելու: Ներկա կլինեք՝ կտեսնեք»:
Դիտարկմանը, որ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներին դուր չէր գալիս, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բազմաթիվ հարցեր էր բարձրացնում, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Հարցերի հետ կապված ունենք նիստերի կանոնակարգ, որը պետք է պահպանենք: Ազատ հարթակ է, կարող են հարցեր տալ, որոնք քննարկում ենք: Նույնիսկ մեկ-մեկ թույլ ենք տալիս ավել հարցեր տալու, որ մեր ավագանու անդամների համար պարզ լինի, թե ինչ հարց ենք քննարկում: Ողջունում եմ, նորմալ եմ համարում, տիկին Բախշյանը աշխատել է, հիմա էլ շարունակելու է, նորմալ եմ համարում»:





























