Անհասկանալի է՝ ինչու՞ են Հայաստանի կառավարության աշխատակազմում աշխատավարձերն այնքան, որքան պատգամավորներինը։ Այս մասին մայիսի 30-ին Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ։
Օրինագիծը պահպանում է կառավարության աշխատակազմի ղեկավարի նախարարական աշխատավարձը (չնայած նրա պաշտոնը նորից դառնում է զուտ վարչական)։ Պահպանվում են նաեւ աշխատակազմի աշխատավարձերը։
Օրինագիծը ընդդիմությանը դժգոհության տեղիք է տվել։ Մասնավորապես, «Ելք» դաշինքի պատգամավորը չի կարողանաում հասականալ՝ ինչու՞ կառավարության աշխատակազմում աշխատավարձերը պետք է ավելի բարձր լինեն, քանի խորհրդարանի նմանատիպ պաշտոններում» «Կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդականը ստանում է այնքան, որքան պատգամավորը։ Իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալի օգնականն ավելի շատ է ստանում, քան պատգամավորի օգնականը։ Դա նորմալ է՞»,- հարցրել է Մարուքյանը։
Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը դրան ի պատասխան ասել է, թե խոսքը վարչապետի օգնականի մասին է։ «Կառավարության կենտրոնական աշխատակազմում աշխատավարձերը, բնականաբար, պետք է ավելի բարձր լինեն, քան նախարարություններում։ Նույնը վերաբերում է աշխատակազմի ղեկավարներին եւ նրանց տեղակալներին, ինչպես նաեւ մյուս պաշտոններին»,-նկատել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարության աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը կազմում է շուրջ 793 հազար դրամ (շուրջ 1640 դոլար)։





























