Շվեյցարական Բերգյուն գյուղի աշխատակազմը որոշել է արգելել ճանապարհորդներին լուսանկարել բնակավայրը, քանի որ այն չափից գեղեցիկ է համարում։ Այս մասին հայտնել է տեղի զբոսաշրջության հարցերով գրասենյակը, հայտնում է Lenta-ն։

Շվեյցարիայի արեւելքում սարերի վրա գտնվող Բերգյուն գյուղի խորհուրդը քվեարկել է այդ որոշման օգտին մայիսի 29-ին։ «Գիտականորեն ապացուցված է, որ արձակուրդներին արված գեղեցիկ լուսանկարները, որոնք հրապարակվում են սոցցանցերում դժբախտացնում են այդ լուսանկարները դիտողներին»,- նշված է զբոսաշրջանային գրասենյակի հաղորդագրության մեջ։

Այսուհետ Բերգյունը լուսանկարողներին սպառնում է հինգ եվրո տուգանք։ Իսկ զբոսաշրջության հարցերով գրասենյակը սոցցանցերից ջնջել է գյուղի բոլոր լուսանկարները, զբոսաշրջիկներին խորհուրդ տալով այցելել Բերգյուն, եթե ուզում են տեսնել այդ գեղատեսիլ բնակավայրը։ Գյուղի զբոսաշրջության հարցերով տնօրեն Մարկ Անդրեա Բարանդունը խոստովանել է, որ այդ արգելքը մասամբ գովազդային հնարք է՝զբոսաշրջիկներին գրավելու համար ու նշել, որ տուգանքը դժվար թե գործնականում կիրառվի։