CNN-ը խզել է կատակերգային դերասանուհի Քեթի Գրիֆինի հետ պայմանագիրը, որը պետք է մասնակցեր ամանորյա շոուին, այն բանից հետո  երբ հրապարակվել է Թրամփի կտրված գլխով սկանդալային լուսանկարը։ Իր որոշման մասին հեռուստաալիքը հայտնել է Twitter-ում։

Մինչ այդ Թրամփը դարձյալ Twitter-ում քննադատել էր դերասանուհու արարքը, նշելով, որ դա ամոթալի է։ «Իմ երեխաները, հատկապես իմ 11-ամյա Բարոնը, ծանր ապրումներ ունեցան դրա պատճառով»,- գրել էր նա։

Գրիֆինն ինքը ներողություն է խնդրել իր արարքի համար, ասելով, որ անցել է սահմանը։

Այդուհանդերձ, դերասանուհու հետ պայմանագիրը խզել է նաեւ Route 66 Casino Hotel խաղատունը, որի միջոցառմանը նույնպես Գրիֆինը պետք է մասնակցեր։

ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատվություն է կրում նախագահի անվտանգության համար, հետաքննություն է սկսել լուսանկարի հրապարակման կապակցությամբ։