Մանկական ուղեղային կաթված ունեցող 27-ամյա Համլետ Արզումանյանն 8 տարեկանից ապրում է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը: Նրա ծնողներն ու երկվորյակ եղբայրը հաճախ են այցելում նրան: Համլետը մանկատան մյուս սաներից տարբերվում է իր ունակություններով. կարողանում է լավ նկարել, թենիս խաղալ, կավագործությամբ զբաղվել եւ լավ կոշկակար է:  Այս ամենը նա սովորել է մանկատանը՝ այցելելով տարբեր խմբակների:

27-ամյա երիտասարդը մանկատանն ունի արհեստանոց, որտեղ էլ զբաղվում է իր սիրած զբաղմունքներով: Նա լավ կոշկակար է. վերանորոգում է մանկատան սաների մաշված կոշիկները եւ անգամ նոր կոշիկներ կարում` վաճառելու նպատակով: Համլետն ուրախ է, որ կարողանում է օգնել եւ մանկատան սաներին, եւ իր սեփական գումարը վաստակել: 
«Մանկատանն ունեմ արհեստանոց, հենց այնտեղ էլ վերանորոգում եմ մանկատան երեխաների կոշիկները, ինչ-որ բանով կարողանում եմ օգնել նրանց: Բացի այդ նաեւ նոր կոշիկներ եմ կարում, վաճառում, իմ սեփական գումարն աշխատում»,- պատմում է նա:

Համլետը նաեւ սիրում է նկարել. վերջին նկարում պատկերել է մանկատան հարակից տարածքում գտնվող ձիարշավարանում ապրող այն ձիուն, որն իրեն ու ընկերներին օգնել է ինչ-որ չափով հաղթահարել հիվանդությունը: Մանկատան ձիարշավարանում կա 6 ձի, որոնց հետ առողջական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները հիպոթերապիայի կուրսեր են անցնում:

Սակայն, Համլետի ամենասիրած զբաղմունքը կավագործությունն է. արդեն շատ աշխատանքներ ունի, որոնք առաջիկայում ներկայացվելու են միջազգային մրցույթներում:

Արդեն 19 տարի մանկատանն ապրող երիտասարդին այստեղ ամեն ինչ շատ հարազատ է դարձել. սիրում է մանկատունն ու այնտեղ ապրող երեխաներին: Իր ընկերներին միայն առողջություն է ցանկանում եւ հույս հայտնում, որ կգա մի օր, երբ Հայաստանում այլեւս հիվանդ երեխաներ չեն լինի, բոլոր երեխաները կգտնեն իրենց ծնողներին, կվերադառնան ընտանիքներ եւ բոլոր մանկատները կփակվեն:

Նշենք, որ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրում է 222 մտավոր եւ առողջական խնդիրներ ունեցող երեխա: