Այսօր` նոյեմբերի 24-ին երեկոյան Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա` Պոնչիկանոցի հետեւի սեփական տներում բռնկված խոշոր հրդեհը ժամը կեսգիշերին մոտ,  ժամը 12:00-ի սահմաններում վերջապես, հնարավոր է եղել մեկուսացնել, ապա` մարել: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա` Պոնչիկանոցի հետեւի սեփական տներում: Հրդեհը մեծ արագությամբ տարածվել եւ կրակի էր մատնել 5-6 տուն:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները` ծառայության պետ Վաչիկ Նիկողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են 12 հրշեջ մեքենաներ եւ 5-6 ջրատարներ:

Հրդեհի վայր էին ժամանել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կենտրոնի ոստիկանապետ  Աշոտ Կարապետյանը, Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ինչպես նաեւ մեծ թվով ճանապարհային ոստիկաններ ու «1-03» ծառայության աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզի փորձաքննությունը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի