Ագզային ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանձնաժողովը սկսելու է գործել 2018թ. Ապրիլից:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվելու են գործառույթներ: Առաջինը, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի ստուգում, արժանահավատության ստուգում, վերլուծություն, համապատասխան խախտումների դեպքում պատասխանատվություն: Երկրորդ, քննարկել, վարույթ իրականացնել հետեւյալ հարցադրումների հետ կապված՝ պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ սահմանափակումների հարցերի քննություն եւ գործադիր իշխանության Սահմանադրությամբ ընդունված անկախ կամ ինքնավար մարմինների, տեղական ինքնակառավարման բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի եւ իրավիճակային շահերի բախման հարցերը: Երրորդ, իրականացնել ազդարարման վարույթի հետ կապված գործիքակազմ՝ կիրառել վարչական պատասխանատվություն, պահանջել լրացուցիչ բացատրություններ, եթե կունենա կասկածներ կամ կհանգի եզրակացության, որ առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, այդ մասին տեղեկությունը կտրամադրի Գլխավոր դատախազությանը: Այս մարմինը քննչական գործառույթներ չի ունենա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հակակոռուպցիոն նոր մարմնի անդամներին ընտրելու է խորհրդարանը: Առաջադրման համար, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ստեղծվելու է մրցութային խորհուրդ, որում ընդգրկվելու են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Փաստաբանների պալատը, Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրական դատարանի նախագահը եւ Հանրային խորհուրդը:

«Այս խորհուրդը անցկացնելու է համապատասխան թեկնածուների բաց մրցույթ՝ թեստավորում էլեկտրոնային տարբերակով եւ հարցազրույց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ քաղաքացիական հասարակությանը»,- ասաց հիմնական զեկուցողը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը մայիսի 25-ին որոշել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծել: Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա կստեղծվի կոռուպցիայի կանխման մարմին: Այն կհետեւի պաշտոնեական էթիկային, շահերի վեճերին եւ պաշտոնյաներին ներկայացվող այլ պահանջներին: Կառույցը նաեւ եկամուտների հայտարարագրերը կընդունի:

Այս պահանջները կգործեն ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների, այլ նաեւ կոռուպցիայի բարձր պոտենցիալ ռիսկեր ունեցող ոլորտների աշխատակիցների համար՝ պետգնումներ, դատախազություն եւ քննչական մարմիններ: