Հրազդանում տեղադրվել է քաղաքի պատմամշակութային կոթողների վայրերի մասին տեղեկություններ պարունակող, դրանց կոնկրետ վայրը ցույց տվող 7 ցուցանակ: NEWS.am-ի հետ զրույցում «Միասնական Հրազդան» նախաձեռնության ղեկավար անդամ Արման Մհերյանը պատմեց, որ իրենց այս նախաձեռնության նպատակը Հրազդանում զբոսաշրջության զարգացումն է եւ ցուցանակների տեղադրումը շարունակվելու է:

«Մենք ունենք 4 եկեղեցի՝ Կոճոռի, Վանատուրի, Մաքրավանքի եւ Ջրառատի, բայց թե որտեղ են դրանք գտնվում, ոչ մի տեղ ցուցադրված չէ: Մենք էլ՝ մեր քաղաքը սիրող երիտասարդներս, որոշեցինք պատրաստել պաստառներ եւ տեղադրել դեպի եկեղեցիներ տանող վայրերում: Եվ քանի որ Ծաղկաձոր եկող տուրիստն, ասենք, մեր քաղաքի միջով է անցնում, շատ լավ քայլ է սրանով Հրազդանում եւս զբոսաշրջությունը զարգացնելու համար: Մեր այս ծրագրի հիմանական նպատակն է ինքնաճանաչողությունը, որպեսզի հրազդանցին ճանաչի ինքն իրեն, իր քաղաքը»,-պատմեց Արման Մհերյանը:

Արմանի խոսքով, իրենց այս ծրագիրը կյանքի կոչելու համար օգնել են եւ քաղաքային իշխանության ներկայացուցիցները, եւ տարբեր հիմնարկներ: Պաստառներից 4-ը տեղադրվել են եկեղեցիների հարակից փողոցներում, իսկ երեքը՝ Հրազդան- Ծաղկաձոր շրջանաձեւ խաչմերուկում:

Պաշտոնապես դեռեւս գրանցում չունեցող կազմակերպության անդամները առաջիկայում շատ ծրագրեր ունեն: Դրանցից առաջինը իրականացրել են անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմից հետո՝  անվանական 101  ծառ տեղադրելով Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 9-րդ դպրոցի բակում, իսկ առաջիկայում պատրաստվում են Հրազդանի եկեղեցիների  մասին ճշտգրիտ տեղեկություններ պեղել եւ դրանք եւս ներկայացնել հանրությանը: