Խորապես համոզված եմ, որ Եվրախորհրդարանը չի կարող լռություն պահպանել հայոց ցեղասպանության 95 ամյակի կապակցությամբ: Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի հունգարացի պատգամավոր Լասլո Տոկեշը:

«Իր որոշմանը համահունչ /Հունիս 18, 1987/, Եվրախորհրդարանը պետք է հիշի ցեղասպանությունը, որին զոհ են դարձել 1, 5 -2, 5 միլիոն անմեղ մարդիկ, եւ պետք է դատարապտի Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոլեկտիվ հանցագործությունը, այնպես, ինչպես արեց հոլոքոստի եւ կոմունիստական ցեղասպանության դեպքում:

Մինչեւ այս պահը, 22 անկախ պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ: Ցավալի եւ տխրեցնող է այն փաստը, որ այն գրավոր հռչակագիրը, որը նախաձեռնել էր Մորթեն Մեսերշմիդտը այս տարի, չվայելեց խորհրդարանականների բավարար աջակցությունը: 

Սույնով ես խնդրում եմ նախագահ Երժի Բուժեկին նախաձեռնել Եվրոպական միության անդամ երկրների կողմից հայոց ցեղասպանության միացյալ ճանաչման գործընթացը, ինչպես նաեւ ցեղասպանությունը ժխտելու մեղավորությունը եւ այս հարցի պարտադիր ներառումը Թուրքիայի անդամակցության բանակցությունների մեջ»,- նշել է պատգամավորը: