Երեւանու նորընտիր ավագանու անդրանիկ նիստում այսօր՝ հունիսի 9-ին, ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահները (ֆոտոռեպորտաժ):

Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը լինելու է «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը: Մինչեւ հանձնաժողովների նախագահների քվեարկությունը՝ «Ելք» դաշինքի անդամները հայտարարեցին, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու ՀՀԿ-ական թեկնածուներին եւ հորդորեցին նույն կերպ քվեարկել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենք նույնպես ձեռնպահ են քվեարկելու, բայց հորդորեց մի քանիսին կողմ քվեարկել Արայիկ Հարությունյանի օգտին, որ նա ընտրվի հանձնաժողովի նախագահ: «Ելք» դաշինքի օգտին քվեարկեց ավագանու 17 անդամ:

Հետաքրքրական է, որ ՀՀԿ-ական թեկնածուների կենսագրություններն առկա էին, մինչդեռ «Ելք»-ի թեկնածուինը չկար: Ընդդիմադիր խմբակցության ահազանգից հետո ՀՀԿ-ականներն արդարացան՝ դա իրենց նախաձեռնությունն է:

«Եթե այդպես էր, ասեիք՝ մենք էլ նախաձեռնություններով հանդես գայինք»,- ասաց «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

Հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների ընտրությունից հետո ավագանու անդրանիկ նիստն ավարտվեց: Նշենք, որ հունիսի 12-ին քաղաքապետարանում տեղի կունենա Երեւանի քաղաքապետի երդման արարողությունը:

Հիշեցնենք, որ ավագանու անդրանիկ նիստին այսօր չէին մասնակցում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Նրանք «այլընտրանքային» նիստ են արել: