Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել կառույցի ղեկավարին Հայաստանում իրականացվող կարեւոր ծրագրերին օժանդակելու համար եւ հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական, արդյունքը՝ շոշափելի: 

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում դեսպանը կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումն ու ԵՄ աջակցությունը հայտնել դրանք կյանքի կոչելու հարցում:

Նախարար Դավիթ Հարությունյանը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները համարել է անհետաձգելի եւ դեսպանի հետ քննարկել վերը նշված ոլորտներում, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմանը, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները: