Ադրբեջանը չի կարող կրկին իր վերահսկողության տակ վերցնել Ղարաբաղը ոչ պատերազմի, ոչ դիվանագիտական բանակցությունների, ոչ էլ տնտեսական շրջափակման միջոցով: Նման կարծիք է հայտնել թուրքական Milliyet թերթի խմբագիր Քադրի Գյուրսելն իր «Ղարաբաղը մոռանալը ազերիների օգտին է» հոդվածում:
Միակ բանը, ինչին ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կարող է հասնել, դա, ըստ խմբագրի, դիվանագիտական ճանապարհով ԼՂՀ-ին հարակից շրջանները իր վերահսկողության տակ առնելն է, պայմանով, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կլինի ցամաքային կապ: Թուրք վերլուծաբանի կարծիքով, «այն պահից, երբ ղարաբաղյան հարցը հայտնվեց ադրբեջանական իշխանությունների ու ընդդիմության պայքարի հորձանուտում, այդ երկիրը չի ցուցաբերում անհրաժեշտ ճկունությունը այդ հարցի լուծման հարցում»: Նա նաեւ ընդգծել է, որ կոշտ դիրքորոշումը` Բաքվի մշտական ռազմաշունչ հայտարարություններով, երբեք չի բերել եւ չի բերի հաջողության:
Հատկանշական է, որ Գյուրսելը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը համեմատում է Կիպրոսի հետ: «Ինչպես Թուրքիան Կիպրոսի հարցում հույներին ու ամբողջ աշխարհին ասում, որ անհնար է վերադառնալ Կիպրոսի նախկին կարգավիճակին (մինչեւ 1974 թվականը) նույնն էլ պետք է ասել մեր ազերի եղբայրներին, որ Կովկասի վերադարձը 1992 թվականի իրավիճակին անհնար է»:




























