ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով կխստացվի քրեական պատասխանատվությունը փաստաբանի աշխատանքը խոչնդոտելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մոնիթորինգի և ստացված բողոքների քննարկման արդյունքում վեր են հանվել խնդիրներ՝ կապված ազատությունից զրկման վայրերում փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու, այդ վայրեր փաստաբանների անարգել մուտքի հետ: Այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:

Ըստ այդմ, Պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:

Նախագծի ընդունմամբ գործնականում առավել լիարժեք կիրացվի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով փաստաբանին վերապահված իրավասությունը, կապահովվի փաստաբանի առավել անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների առավել լիարժեք իրացումը:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ, պաշտոնատար անձից բացի, կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, որը խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման: Ըստ այդմ, նախագիծը լրացնել առանձին մասով:

ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով:

Քրեական օրենսգրքի հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:

Վերոնշյալ նախագիծը և դրա հիմնավորումը դրվել են շրջանառության մեջ: Պաշտպանի կողմից նախագիծը կներկայացվի նաև իրավապաշտպան կազմակերպություններին՝ կարծիքի: