Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պահպանողական խորհրդարանականներին հայտարարել է, որ իր պաշտոնում այնքան կմնա, որքան նրանք կցանկանան իրեն տեսնել, փոխանցում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ ընտրությունների արդյունքներից հետո, որոնց ընթացքում տորիներին չհաջողվեց բացարձակ մեծամասնություն ստանալ, երկրում քաղաքական ճգնաժամ է առաջացել:

Reuters-ը հաղորդում է, որ հանդիպումը սկսելուց առաջ, չնայած ընտրությունների արդյունքների առաջացրած հիասթափությանը, Մեյն առույգ է եղել: «Ես այն մարդն եմ, որը ձեզ ներգրավել է այս խառնաշփոթի մեջ, եւ ես այն մարդն եմ, որը պատրաստվում է ձեզ այնտեղից դուրս բերել»,- հայատարարել է նա: Հանդիպմանը մասնակցած խորհրդարանականներից մեկն ասել է, թե Մեյը հայտնել է, որ վարչապետի պաշտոնում կմնա այնքան, որքան կուսակցության անդամները կցանկանան իրեն տեսնել:

Խորհրդարանականները նշել են, որ այս պահին կուսակցությունում նոր ղեկավարություն ընտրելու տրամադրվածություն չկա: Մեյը փորձել է ներողություն խնդրել արտահերթ ընտրությունների իր անհաջող ազարտային խաղի համար՝ պարզաբանելով, թե որն էր սխալը: Այսուհանդերձ, կուսակցության որոշ անդամներ կարծում են, որ Մեյը պետք է հեռանա, սակայն նա վարչապետի պաշտոնը պահպանելու հույս ունի, համենայնդեպս՝ ներկա պահին: