Հայաստանի եւ Էստոնիայի երկկողմանի հարաբերությունները սերտ են եւ բարեկամական: Այս մասին հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերը՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք չօգտագործված պոտենցիալ ենք հայտնաբերել, հատկապես տնտեսական ոլորտում: Նաեւ ձեռքբերումներ կան, կողմերը գերակայությունը տալիս են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, պետական կառավարման մեջ դրանց կիրառմանը: Էստոնիան նշանակալի փորձ ունի, որը պատրաստ է փոխանակել Հայաստանի հետ: Այս ուղղությամբ արդեն որոշակի քայլեր կատարվել են: Ավելի քան 20 հայ ուսանողներ սովորում են Էստոնիայի բուհերում, ամրապնդվում է դիվանագիտական դպրոցների համագործակցությունը»,- նշեց նախարարը:

Էստոնիան առաջին անգամ 6 ամսով կդառնա ԵՄ Խորհրդի նախագահը. «Մենք նախագահության հավակնոտ օրակարգ ունենք, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության վերաբերյալ: Նոյեմբերին Բրյուսելում տեղի կունենա գագաթնաժողով, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեմ»:

Դրանից զատ, Արեւելյան գործընկերության շրջանակում ծրագրվել են նաեւ այլ միջոցառումներ:

Պատասխանելով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ Էստոնիան շահագրգռված է գործընթացի առաջընթացով, սակայն ձեռնպահ մնաց գործընթացի ավարտի հնարավոր ժամկետներ նշելուց: Նրա խոսքով՝ դա կախված է պահանջներին եւ չափանիշներին համապատասխանելու Հայաստանի ունակությունից: