Հայաստանն ու Էստոնիան մտադիր են տարբեր ոլորտներում զարգացնել համագործակցությունը։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։ 

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ էստոնացի գործընկերոջ հետ վերջին անգամ հանդիպել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում։ «Այսօր լավ հնարավորություն ընձեռվեց շարունակել կարծիքների փոխանակումը երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցության շուրջ», - նշեց նախարարը։

Էստոնայի ԱԳ նախարարին այսօր կընդունեն նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սվեն Միքսերն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նալբանդյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել, ռեադիմիսիայի փաստաթուղթ ստորագրվել ( այսպիսով, Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա է ստորագրված 14 փաստաթուղթ, պատրաստվում են եւս մի քանիսը), քննարկվել են առեւտրատնտեսական համագործակության ընդլայնման հարցերը։

«Թվերը դեռ այնքան էլ մեծ չեն»,-նկատեց նախարարը։

Կողմերը խոսել են նաեւ մշակույթի ոլորտում համագործակցության շուրջ՝ պայմանավորվելով ակտիվացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, խորհրդակցություններ իրականացնել ԱԳՆ-ների միջեւ։ Զրուցակիցները խոսել են ահաբեկչության դեմ պայքարի, ներգաղթյալների հոսքի մասին։

ՀՀ ԱԳ նախարար էստոնացի գործընկերոջը տեղեկացրել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։ Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Էստոնիայի՝ Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելու նախօրեին ԱԳՆ ղեկավարը Երեւանում է՝ հաշվի առնելով, որ այդ նույն շրջանում՝ նոյեմբերին, Հայաստանը ծրագրում է Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրել։ Այդ համատեքստում քննարկվել են տարբեր ոլորտներում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները։