Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել  Ճապոնիայի կողմից Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը միտված օժանդակությունը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ համագործակցության ընդլայնմամբ ու ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանը կարեւորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը եւ նշել, որ անհրաժեշտ է գործարար կապերի սերտացման նպատակով պարբերաբար կազմակերպել բիզնես ֆորումներ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության օժանդակությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ աղետների կառավարման եւ ռիսկերի նվազեցման, հրշեջ փրկարարական ծառայության զարգացման նպատակով: Այդ առումով, վարչապետը կարեւորել է նաեւ Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի հրշեջ փրկարարական ծառայությունների գույքի բարելավման ծրագիրը եւ հույս հայտնել, որ այն կկրի   շարունակական բնույթ:

Շինիչի Կիտաոկան վստահեցրել է, որ իր գլխավորած գործակալությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ եւ նշել, որ կարեւորում են աղետների կառավարման ոլորտում մեր երկրի մասնագետների հետ փորձի փոխանակումը, ուսումնական ծրագրերի իրականացումը: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտակարգ իրրավիճակների արձագանքման, կանխարգելման համակարգով եւ մասնագետների պատրաստվածության մակարդակը գնահատել է գերազանց: