Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Տաջիկստան է հրավիրել։ Հայ գործընկերոջ հետ խոսելով հունիսի 14-ին մեկնարկած երկօրյա այցի մասին՝ Տաջիկստանի նախագահը հիշեցրեց, որ իր այցը տեղի է ունենում հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին։ «Այդ տեսանկյունից այցը միջպետական համաձայնագրերը ամրապնդելու ուղղության շարունակությունն է»,-նկատեց նախագահ Ռահմոնը։
Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում տարբեր ոլորտներում երկկողմանի համագործակության լուրջ հարցեր են քննարկվել։ Կողմերը համաձայն են, որ համագործակցությունը դեռ չի համապատասխանում առկա պոտենցիալին։
Առեւտրատնտեսական հարաբերությունների համատեքստում ընդգծվել է տնտեսական սուբյկետների, մասնավոր հատվածի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ Այդ կապակցությամբ Էմոմալի Ռահմոնը նշեց, որ տաջիկական կողմը հետաքրքրված է հայ ընկերությունների՝ Տաջիկաստանում տարբեր նախագծերի մասնակցելուն՝ էներգետիկայի, զբոսաշրջության, լեռնահանքային եւ վերամշակվող արդյունաբերության ոլորտներում։ «Մենք պատրաստ ենք դրա համար պայմաններ ստեղծել»,-ասաց նախագահը։
Նա նաեւ ընդգծեց կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության կարեւորությունը։ «Մեր ուշադրության կենտրոնում է կայունության եւ անվտանգության ամրապնդումը, բազմակողմանի փոխգործողությունը»,- նշեց Ռահմոնը՝ հավելելով, որ կողմերը հաստատել են ահաբեկչության եւ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում համագործակցության պատրաստականությունը։





























