Իրաքյան Քուրդիստանում նույնիսկ հաջող հանրաքվեն չի նշանակում, որ Քուրդիստանի անկախությունը կհռչակվի: Այս մասին հունիսի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, հայ-քրդական կապերի բաժնի ղեկավար Վահրամ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ անկախության հանրաքվեն եւ անկախությունը միեւնույն բանը չեն: «Քրդերը կարող են այս հանրաքվեն որպես լծակ օգտագործել: Ինքը՝ հանրաքվեն մեծ դժվարությունների հետ է կապված»,- նշեց Վահրամ Պետրոսյանը՝ շարունակելով, որ ոչ բոլոր քրդական կուսակցություններն են հանրաքվեի անցկացմանը համաձայն. ներքրդական համատեքստում դեռեւս միասնություն չկա:
Ինչ վերաբերում է մյուս երկրներին՝ Վահրամ Պետրոսյանն ընդգծեց. «Միայն Իսրայելն է միանշանակ նշում, որ հանդես է գալիս Քուրդիստանի անկախության օգտին: Մնացած երկրները չեն արտահայտվում քրդերի ինքնորոշման իրավունքի դեմ, սակայն նշում են, որ պահը հարմար չէ: Այսպես է ասում Բաղդադը, ինչպես նաեւ Վաշինգտոնը»:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի վարչապետի օգնականը հայտարարել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացվի: Իրաքյան Քուրդիստանը Իրաքի կազմում ինքնավարություն է, կարգավիճակն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ:





























