Լոս Անջելեսից Փարիս ժամանած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա շնորհակալություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին եւ նրա ղեկավարին` Եվրոպայում «Հեռախոսամարաթոն-2010»-ի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ներկաներին` Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ միությունը կարեւոր դեր ունի մեր հանրապետությունում բժշկության զարգացման գործում:

Քննարկվել են նաեւ առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Նոյեմբերի 28-ին Բակո Սահակյանը Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցել է Գարեգին Բ-ն:

Նույն օրը ԼՂՀ նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել գործարար եւ բարերար Վարդան Սիրմակեսի հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:  

Միջոցառումներին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: