2017-ին ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանական ծախսերը։ Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտնել է, որ ընթացիկ տարում կազմակերպության անդամները պաշտպանության համար 4․3 տոկոսով շատ կհատկացնեն, քան անցած տարի, հայտնում է DW-ն։
Նրա խոսքով, միջոցները կհատկացվեն նոր սպառազինմանը, զորավարժությունների անցկացմանը, զինվորականների աշխատավարձերին ու թոշակներին։ Նաեւ ավելի շատ միջոցներ կծախսվեն Աֆղանստանում ու Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողության վրա։ «Մեր երկրների անվտանգությունը աջակցելու համար, մենք պետք է շարունակենք աշխատանքները՝ պաշտպանական ծախսերի ավելացման ու դաշինքի անդամների շրջանում ծանրաբեռնվածության ավելի արդարացի բաշխման ուղղությամբ»,- հայտնել է Ենս Սթոլթենբերգը։
Նա հավելել է, որ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի չորս գումարտակներ հունիսին անցել են օպերատիվ ամբողջական պատրաստվածության մակարդակ։ Այդ գումարտակներից յուրաքանչյուրում մոտ հազար մարդ կա։





























