«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված եւ անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են եւս 272 աղբանոց:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնում են, թե մարզերի եւ համայնքների աղբահանության եւ սանիտարական մաքրման շրջանակներում 126 համայնք 39 մասնավոր ընկերության է պատվիրակել աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97 համայնքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր:
Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր եւ մինչեւ 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերում տուգանքներ կիրառելու օրենսդրական նախաձեռնության աշխատանքներն արդեն ավարտվել են եւ ս.թ սեպտեմբերին այն կներկայացվի Ազգային ժողով, կհաստատվեն նաեւ աղբավայրերի արտոնագրման չափանիշները:
ՀՀ մարզերում պարբերաբար անցկացվում են սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման, աղբավայրերի փակման աշխատանքներ: Մասնավորապես, հուլիսի 1-ին մի քանի մարզերում տեղի են ունենալու շաբաթօրյակներ:




























