Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-ամյակի, Հողաշինարարի եւ գեոդեզիստի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Շնորհավորելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կայացած կադաստրի համակարգը մեզ համար կենսական անհրաժեշտություն է՝ սեփականության իրավունքների պաշտպանության ամուր եւ հասկանալի մեխանիզմներ ունենալու տեսանկյունից։ Համակարգի ստեղծման եւ կայացման անցած 20 տարիների ճանապարհը տեսնելով՝ կարելի է ֆիքսել, որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրի համակարգը ոչ միայն ձեւավորվել եւ կայացել է, այլ նաեւ արձանագրել է էական հաջողություններ: Այսօր կադաստրի համակարգի կողմից պահվող տվյալները եւ մատուցվող ծառայությունները մեծապես թվայնացված են, ինչն էապես ավելացնում է համակարգի արդյունավետությունն ու կայունությունը, ինչպես նաեւ հնարավոր է դարձնում մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակը հասցնել նվազագույնի։  

Կարելի է արձանագրել. այսօր մեր կադաստրային համակարգն ունի բոլոր նախադրյալները՝ հավասար քայլելու եվրոպական լավագույն կառույցների հետ, եւ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի հողային ռեսուրսների կառավարման աշխատանքային խմբի կողմից կադաստրի վարման հայաստանյան մոդելն անցումային շրջանում գտնվող երկրների համար համարվել է օրինակելի, ինչպես նաեւ այն, որ Համաշխարհային բանկի «Doing Business» հետազոտությունների համաձայն՝ 183 երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը անշարժ գույքի  գործարքների իրավական ձեւակերպման (Registring property) մատչելիության ցուցիչով մշտապես եղել է առաջատարների մեջ:

Կառավարության ծրագրով նախատեսել ենք մի շարք կարեւորագույն միջոցառումներ, որոնք պետք է իրականացնենք կադաստրի համակարգն ավելի ժամանակակից եւ արդյունավետ դարձնելու եւ կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների որակը միջազգային լավագույն փորձին համահունչ դարձնելու համար։ Վստահ եմ, որ դրա համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Ավելին, հաշվի առնելով կադաստրի համակարգում արդեն իսկ ներդրված եւ գործող տեխնոլոգիական լուծումները՝ կարծում եմ, որ այս կառույցը կարող է ուղենիշային դառնալ պետական կառավարման մարմինների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ կիրառման գործում։ Եվ մենք ակնկալում ենք ձեզանից այդպիսի համարձակ քայլեր մոտ ապագայում։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել եւ մաղթել արդյունավետ աշխատանք»։

Վարչապետ Կարապետյանը ՀՀ Նախագահի եւ իր անունից պարգեւներ է հանձնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մի խումբ աշխատակիցների: ՀՀ Նախագահի հրամանագրով բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը եւ աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արսեն Բիձյանը պարգեւատրվել են Երախտագիտության մեդալով:

Հողաշինարարի եւ գեոդեզիստի օրվա առթիվ, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը եւ աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանը պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը եւ վերահսկողության վարչության ստորաբաժանումների գործառույթների նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արման Օսիկյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով: