Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի կառավարությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պահպանողականների ծրագրի օգտին է քվեարկել 323 պատգամավոր, դեմ՝ 309 պատգամավոր։

Խորհրդարանում քվեարկությունն անցել է թագավորական ելույթից հետո՝ չորեքշաբթի Եղիսաբեթ 2-րդ թագուհին ելույթ էր ունեցել խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացման արարողության ժամանակ եւ հայտնել երկու պալատների աշխատանքի առաջնայնությունները՝ ոչ թե մեկ , այլ միանգամից երկու տարվա համար։

Ելույթի տեքստը գրում է երկրի կառավարությունը։ Հիմնական օրինագծերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատի խորհրդարանը, նախապես հայտնի էին։

Թագուհու ելույթից հետո երկու պալատների խորհրդարանականները սկսել են քննարկել ելույթի հիմնական դրույթները։ Բանավեճերը շարունակվում են մի քանի օր ու դառնում կառավարության հանդեպ վստահության յուրատեսակ թեստ։

Հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում անցել են ընտրություններ, պահպանողականները՝ վարչապետ Թերեզա Մեյի ղեկավարությամբ ստացել են 318 մանդատ՝ 12-ով քիչ, քան ունեցել են խորհրդարանի նախորդ կազմում, ու ութով քիչ, քան պետք է բացարձակ մեծամասնության համար, բայց կարողացել են փոքրամասնության կառավարություն ձեւավորել՝ պայմանավորվելով համագործակցել Հյուսիսային Իռլանդիայի DUP կուսակցության հետ։